Հանրահայտ երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր Ստաս Նամինի որդին` Ռոման Նովիկովը, խոստովանել է, որ ինքն է սպանել եղբորն ու տատին։ ՌԴ քննչական կոմիտեն տեսագրություն է հրապարակել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նամինի խորթ որդին՝ Ռոմանը, Կրյուկովո գյուղի ամառանոցում (Իստայի շրջան) սպանել է իր կրտսեր եղբորը՝ Արտյոմին, և տատին՝ Պոլինա Տկաչենկոյին (Նամինի նախկին կնոջ մորը):
«Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի մարզային քննչական վարչության քննիչներն ու քրեագետները շարունակում են աշխատել կրկնակի սպանության մեջ կասկածվող անձի հետ։ Հարցաքննության ժամանակ տղամարդը խոստովանել է հանցագործությունը», - ասված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Ռոմանն ինքն է զանգել իրավապահ մարմինների աշխատակիցներին։ Այդ պահին նա թմրանյութերի ազդեցության տակ է եղել։
Վարկած կար, որ Ռոմանը գույքային վեճերի պատճառով է սպանել եղբորն ու տատին։ Սակայն հարցաքննության ժամանակ հայտնի է դարձել, որ հարազատների միջև վեճ է սկսվել թմրանյութերից կախվածության պատճառով։ Տղամարդուն դուր չի եկել, որ մտերիմները հաճախ են խրատում իրեն։
Նամինի որդին ու զոքանչը Ռոման Նովիկովի առաջին զոհերը չեն։16 տարի առաջ (2007 թվականի հունվարին) նա Մոսկվայի հարավ-արևմուտքում վրաերթի է ենթարկել 42-ամյա մի կնոջ, բայց երկու տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել։
Երբ Ստաս Նամինն ամուսնացել է Գալինայի հետ, Ռոման Նովիկովը 1 տարեկան է եղել։ Մի քանի տարի անց ծնվել է Արտյոմը։ Նամինն ու Գալինան միասին ապրել են 25 տարի և ամուսնալուծվել 2015 թվականին։
Կրյուկովո գյուղի հարևանները պատմել են, որ Պոլինա Տկաչենկոն փաստացի միայնակ է մեծացրել թոռանը՝ Ռոմանին, մինչև նրան որդեգրել է Ստաս Նամինը։ Նրանց խոսքով` Ռոմանը վատ հարաբերություններ է ունեցել ռոք երաժշտի հետ, իսկ տատիկի հետ շատ ջերմ է եղել։