Սեպտեմբերի 20-ից հետո արցախցիներից բռնագանձված գումարները պետք է վերադարձվեն

Արցախից տեղահանվածները Գորիսում. Արխիվային լուսանկար
Արցախի նախագահի որոշմամբ` վերացված են բռնագանձումներով պարտապանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Արցախի գլխավոր հարկադիր կատարողը որոշում է կայացրել վերացնելու պետական և համայնքային բյուջեների, ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնադրամների օգտին բռնագանձումներով պարտապանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։
Համապատասխանաբար սեպտեմբերի 20-ից հետո բռնագանձված գումարները ենթակա են վերադարձման մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։