Վաշինգտոնում հակապատերազմական ցույցերին մասնակցել է 10 հազար մարդ, նրանցից 500-ը ձերբակալվել են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Jewish Voice for peace («Հրեաների ձայնը՝ հանուն խաղաղության») կազմակերպությանը:
«Այսօր 500 հրեա է ձերբակալվել և 10 հազար մարդ դուրս է եկել փողոց՝ աջակցելու և պահանջելու հրադադար և պաղեստինցիների ցեղասպանության դադարեցում»,-հայտարարել է կազմակերպությունը:
ԱՄՆ Կոնգրեսի շենքերի համալիրի մոտ ակտիվիստների բողոքի ցույցը վերածվել է այդ շենքերից տասնյակ ցուցարարների ներխուժման: Կապիտոլիումի ոստիկանությունը ձերբակալել է շենք ներխուժածներին, իսկ ցուցարարներին ստիպել են հետ քաշվել հարևան փողոցներ։
Իսկ Բեռլինում Պաղեստինին աջակցող հանրահավաքները վերաճել են զանգվածային անկարգությունների, որոնք շարունակվում են արդեն 2 օր։ Ցուցարարները քարեր և պիրոտեխնիկական միջոցներ են նետել իրավապահների վրա, ինչի հետևանքով վիրավորվել է առնվազն 80 ոստիկան։
Անկարգությունները սկսվել են Բեռլինում 2 օր առաջ Գազայի հատվածում «Ալ Ահլի» հիվանդանոցին հասցված հարվածից հետո։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մահացել է 471 մարդ, տուժել են ավելի քան 300-ը, նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են: Պաղեստինի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հարվածը հասցրել են իսրայելական ինքնաթիռները, իսկ Իսրայելի բանակը հայտարարել է, որ հիվանդանոցի վրա ընկած հրթիռը անհաջող կերպով արձակել է պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը: