ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի–Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակի նստավայրի մոտ 54-ամյա տղամարդու ուղղությամբ կրակել է Երևանի 40-ամյա բնակիչը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ տղամարդն այս գիշեր` ժամը 01:30-ին, ներկայացել է ոստիկանություն` միաժամանակ ներկայացնելով հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը` փամփուշտներով: Վերջինս ներկայացվել է քննչական բաժին։
«Ստացված նախնական, դեռևս ստուգման ենթակա տվյալներով հանցագործության պատճառ է հանդիսացել միջանձնային խնդիրները։ Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով վերջինս ձերբակալվել է»,– տեղեկացնում են ՔԿ–ից։
Հոկտեմբերի 18-ին ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի բակում կրակոցներ են հնչել։Նա նշել էր, որ մեկ անձ բուժօգնության է դիմել։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ տղամարդը ժամը 15:40-ին «աջ կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է ընդունվել։
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ և 1 գնդակ: Պարզվել է նաև, որ կրակոցների հետևանքով վնասվել է դատարանի մոտ կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան: Առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, ինչպես նաև՝ վիրահատական միջամտության արդյունքում վերջինիս աջ արմնկահոդից դուրս բերված գնդակը։
Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատաձգաբանական, դատահետքաբանական և այլ փորձաքննություններ: ՔԿ–ից նաև տեղեկացնում են, որ տուժողի հետ անհրաժեշտ քննչական գործողությունները հնարավոր չի եղել իրականացնել առողջական վիճակի պատճառով:
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձ)։
Նախաքննությունը շարունակվում է: