ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Աղվան Գրգորյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ծառայության և համայնքի շահերին հակառակ պաշտոնեական դիրքն օգտագործելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Երևանի քաղաքապետի՝ 2004 թվականի մայիսի 11-ի որոշմամբ՝ «Շողեր» մսուր-մանկապարտեզը՝ ընդհանուր 8760.0 քմ հողատարածքով, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել է Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքին:
2004 թվականի հունիսի 25-ին Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքին տրված սեփականության իրավունքի վկայականի համաձայն՝ մսուր-մանկապարտեզը չի հանդիսացել համայնքի սեփականություն, հետևապես համայնքն այն օտարելու որևէ իրավասություն չի ունեցել: Չնայած դրան` սեպտեմբերի 17-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ղեկավար Ա.Գ.-ն համայնքի ավագանու անդամներին է ներկայացրել Բաբաջանյան փողոցի թիվ 304 մանկապարտեզն ուղղակի վաճառքով «Ա. Խալաթյան վարժարան» ՍՊԸ-ին օտարելու առաջարկը:
«Ավագանու անդամները նույն օրը համապատասխան որոշմամբ հաստատել են Բաբաջանյան փողոցի մսուր մանկապարտեզի ուղղակի վաճառքը «Ա. Խալաթյան վարժարան» ՍՊ ընկերությանը»,– տեղեկացնում են դատախազությունից:
Արդեն հոկտեմբերի 29-ին թաղապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավար Ա.Գ.-ի, և «Ա. Խալաթյան վարժարան» ՍՊ ընկերությունը՝ ի դեմս Ա.Խ.-ի, կնքել են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր։ Մսուր-մանկապարտեզը վաճառվել է շուկայականից էական ցածր արժեքով՝ 30 մլն դրամով, մինչդեռ գույքի իրական արժեքը տվյալ ժամանակահատվածում եղել է 295 մլն դրամ:
Մոտ երկու ամիս անց թաղապետի հրամանով մսուր-մանկապարտեզը լուծարվել է:
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 19-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Գ.-ի նկատմամբ:
Դատախազությունն առաջիկայում հայցադիմում կներկայացնի Հակակոռուպցիոն դատարան՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով: