ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել 2 շաբաթով հրադադար հաստատել Գազայի և Իսրայելի միջև

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը . Արխիվային լուսանկար
Գուտերեշը հայտարարել է Գազայի հատված օգնություն և պարենամթերքի հրատապ առաքման անհրաժեշտության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել հումանիտար հրադադար հաստատել Գազայի հատվածի և Իսրայելի միջև մոտ երկու շաբաթով։ Այդ մասին նա հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ Կահիրեում կայացած մամուլի ասուլիսում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ անհրաժեշտ է շտապ օգնություն և պարենամթերք հասցնել Գազայի հատված։
Շուքրին ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելի կառավարությունը դեռ հնարավորություն չի տվել Գազայի հատվածից բացել Ռաֆահ անցումը ՝ հումանիտար օգնության առաքման կամ երրորդ երկրների քաղաքացիներին դուրս բերելու համար։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3400-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավոր են: