ՀՀ կառավարությունը դեռ չունի հստակ պատկերացում, պլան, թե ինչպես են Արցախից բռնի տեղահանված 100 000 անձինք ապրելու Հայաստանում։ Իհարկե, իրականացվում է մի քանի կարճաժամկետ ծրագիր, բայց սեպտեմբերի 24–ից մինչ օրս չկան միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, որոնցով պարզ կլինի, թե Հայաստանն ինչ սցենարով է շարժվում արցախահայության կարիքները հոգալու համար։
Դեռ սեպտեմբերի 21–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենք քննարկել ենք տարբեր սցենարներ, հյուրանոցների համարներ են ամրագրել, մի քանի տասնյակ հազար կեցավայրեր են նախապատրաստել ու մեծ հաշվով պատրաստ են Հայաստանում տեղավորել Արցախից տեղահանված 40.000 ընտանիքի (ոչ թե անձի. խմբ) և հոգալ նրանց կարիքները։ Բայց ինչպես ցույց են տալիս վերջին շաբաթները, պետական աջակցությունը ոչ միայն բացարձակապես բավարար չէ, այլև համարժեք չէ այն հետևանքներին, որոնց բախվել են բռնի տեղահանվածները։ Նրանց մշտական կացարանի հարցը լուծված չէ, իսկ այն ժամանակավոր կացարանները, որ պետությունն էր տրամադրել, մարդիկ ստիպված են լքել։ Այժմ մարդկանց մեծ մասը վարձով է ապրում։ Ինչպես գիտենք, վարձավճարները հասել են աստղաբաշխական թվերի ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Գների նման աճ անգամ չի դիտվել նախորդ տարվա փետրվարին, երբ մեծ թվով ռելոկանտներ էին ժամանել Հայաստան։
Փաստն այն է, որ եթե չլինեն կամավորներն ու մի քանի կազմակերպություններ, երկրում ուղղակի կոլապս կսկսվի։ Չանտեսելովորոշ պետական աշխատողների և պետական մարմինների աշխատանքը` արձանագրենք, որ ՀՀ կառավարությունն այսօր բռնի տեղահանվածներին տրամադրում է միայն.
100 000 դրամ միանվագ աջակցություն, որից օգտվել է 81 000 բռնի տեղահանված,
բնակարանի վարձակալության համար 40 000 դրամ, իսկ կոմունալ ծախսերի համար՝ 10 000 դրամ,
անվճար բուժօգնություն։
Որքան էլ անտրամաբանական է, բայց 100 000 դրամ աջակցության ծրագրից դուրս են մնացել այն մարդիկ, որոնք սեպտեմբերի 24-ի ժամը 12։00-ից առաջ են Հայաստան հասել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով բուժում ստանալու համար կամ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով ընտանիքի կեսը մնացել է ՀՀ–ում։ Նշենք, որ Ստեփանակերտի մոտակայքում վառելիքի պայթյունից տուժած անձանց միայն հոկտեմբերի 16–ին են ներառել աջակցության ծրագրում հարազատների բարձրացրած աղմուկից հետո։
Բնակարանի վարձակալության և կոմունալ վճարների ծրագրից էլ կարող են օգտվել նրանք, ովքեր չունեն սեփականություն Հայաստանում: Այս ծրագրի շահառու չեն այն անձինք, որոնք գտնվում են պետական հոգածության կենտրոններում, ինչպես նաև պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շինություններում: Հայաստանում սեփականություն ունեցող անձինք կարող են օգտվել 10 000 դրամ կոմունալ ծախսերի համար տրվող աջակցությունից: Թերևս այս պահի դրությամբ պետության կողմից տրվող աջակցության ծրագրերն այսքանով սահմանափակվում են։
Արցախից բռնի տեղահանվածներին տրվող պետական օգնությունը բավարար չէ
ՀՀ առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով` երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր միջազգային հարթակներում հայտարարում էր, որ ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, իր թիմակիցների հետ պետք է կասկած չունենար, որ այդ ամենի հետևանքը լինելու է արցախահայության բռնի տեղահանումը։
«Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունը նախապես գիտեր, թե ինչ է արցախահայությանը սպասում, բացարձակապես համաչափ չէ այն օգնությունը, որը տրվում է։ Դա մարդկանց մինիմալ կարիքների համար անգամ բավարար չէ»,– Sputnik Արմենիային ասաց Ալավերդյանը։
Լարիսա Ալավերդյան
© Sputnik / Asatur Yesayants
Նրա խոսքով` ՀՀ իշխանությունները չեն էլ թաքցնում, որ իրենց գլխավոր նպատակը եղել է Արցախը որպես պետություն ոչնչացնելը, և դրա մասին են վկայում այն լուրերը, որ մինչև անգամ լուծարվում է ԼՂ հանրապետության ներկայացուցչությունը։
«Բանակցելով և խորհրդակցելով Արցախի իշխանությունների հետ` պետք է ստեղծվեն շենքային, ֆինանսական պայմաններ, որպեսզի Արցախի ներկայացուցչությունը շարունակի աշխատել և կատարի այն աշխատանքները, որը ՀՀ կառավարությունը միտումնավոր չի կատարում։ Ամեն ինչ արվում է , որ հնարավորինս շատ արցախցիներ կարճ ժամկետում լքեն Հայաստանը»,–ասաց Ալավերդյանը։
Բացի այդ, ըստ նրա, տեղահանվածների իրավունքների կոպիտ խախտում է այն, որ նրանց չեն վճարում աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները։ Դա պետք է արվեր առնվազն մինչև 2024 թվականի հունվարի 1–ը։
Ալավերդյանի խոսքով` միջազգային ֆինանսական օգնությունները պետք է փոխանցվեն ԼՂ իշխանություններին, որպեսզի նրանք տեր կանգնեն իրենց հայրենակիցներին։ Իսկ հունվարի 1-ից հետո արդեն պետք է մտածել, թե ինչպես պաշտպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թե՛ կարգավիճակը, թե՛ իշխանությունը, թե՛ ժողովրդին։
Պետության գործառույթն իրենց վրա են վերցրել կազմակերպություններն ու կամավորները
Հոկտեմբերի 17–ին ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 000 քաղաքացիներին հնարավոր է եղել ընդունել հենց Հայաստանի ժողովրդի շնորհիվ:
«Ժողովրդի, որովհետև մարդիկ երբեմն նույնիսկ չէին սպասում, թե կառավարությունը ինչ կանի, իրենք էին բռնի տեղահանվածներին տրամադրում առաջին անհրաժեշտության ապրանքներ, անգամ ժամանակավոր կացարաններ: Շատերը նրանց պարզապես հյուրընկալել են իրենց տներում»,– ասաց Փաշինյանը։
Այժմ, երբ որոշ համայնքապետարաններ ուղղակի գրանցում են տեղահանվածների կարիքները, սակայն ոչնչով չեն օգնում կամ օգնում են` բաժանելով Հայկական Կարմիր խաչի, ՌԴ–ի կամ եվրոպական երկրների աջակցությունը, աշխատանքի մեծ մասը շարունակում է մնալ կամավորների և բարեգործական կազմակերպություններիվրա։
Այս օրերին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ԼՂ–ից բռնի տեղահանվածների կարիքների մի մասը հոգալու համար համագործակցում է և՛ տեղական մարմինների, և՛ մասնավոր հատվածի հետ։ Ընկերության լրատվական բաժնի ղեկավար Նունե Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ՀԿԽԸ–ն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների գնահատման համար 80 205 դիմում է ստացել։
Նրա խոսքով՝ իրենք սեպտեմբերի 24–ից ներգրավված են արագ արձագանքման աշխատանքներում։ Նախ Կոռնիձորում և Վայքում բացված հումանիտար կայաններում իրականացրել են հաշվառում, նախնական կարիքի գնահատում, որից անմիջապես հետո սկսվել է մարդասիրական աջակցության տրամադրումը սննդի, հիգիենիկ պարագաների փաթեթների, անկողնային պարագաների, կենցաղային իրերի տեսքով։
Այս շաբաթ կսկսեն բազմակողմանի կարիքների գնահատում իրականացնել, որի հիման վրա կարճաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրեր կմշակվեն։
Նունե Գրիգորյան
© Sputnik / Asatur Yesayants
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն էլ իր հերթին է սկսել ավելացնել աջակցությունը, հիմնականում մասնագետների մասով, որոնք փորձում են լուծել անհետ կորածների մասին տեղեկությունների հավաքագրմանը վերաբերող խնդիրները և գնահատել նրանց ընտանիքների կարիքները` հոգեսոցիալական աջակցություն տրամադրելով նրանց։
«Եթե մենք մինչև սեպտեմբերի 18–ը Լաչինով և Աղդամով տեղափոխում էինք սնունդ, հիգիենայի պարագաներ և դեղորայք, ապա սեպտեմբերի 19–ից հետո մեր հիմնական գործառույթը եղել է ռազմական գործողություններից, իսկ հետո արդեն պայթյունից տուժած անձանց տեղափոխումը ՀՀ։ Ընդհանուր տեղափոխել ենք շուրջ 100 անձանց, որոնք ունեին անհապաղ բժշկական աջակցության կարիք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
Զառա Ամատունի
© Sputnik
Նրա խոսքով` իրենց թիմը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մարդասիրական առաքելություն ցուցաբերել այն անձանց, որոնք դեռևս չեն տեղափոխվել Հայաստան կամ ցանկություն չունեն տեղափոխվելու։
Նրանց տրամադրվում է սնունդ, հիգիենայի պարագաներ և դեղորայք։
Այժմ կազմակերպության թեժ գիծը շարունակում է դիմումներ ստանալ անհետ կորածների (ՀՀ 1016 քաղաքացի այս պահին համարվում է անհետ կորած. խմբ.) հարազատներից և փորձում է տեղեկություններ հավաքագրել։ Նույնականացման գործընթացը ևս ակտիվ իրականացվել և իրականացվում է։
Կազմակերպությունն օգնել է ռազմական գործողություններում զոհված և սեպտեմբերի 25–ի պայթյունից զոհված կամ անհետ կորած 229 մարմիններ ու աճյուններ տեղափոխել ՀՀ պատշաճ դիապարկերով։
Բացի այդ, սեպտեմբերի 29–ից սկսած ընտանիքների վերամիավորման շրջանակում ստացված դիմումների հիման վրա շուրջ 100 անձ, որոնք հիվանդության կամ այլ պատճառներով չէին կարողացել դուրս գալ Ստեփանակերտից, Հայաստան են հասել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ։
Արցախից բռնի տեղահանված անձանց կարիքները հոգալու համար մեծ աշխատանք են անում նաև քաղաքացիական նախաձեռնությունները` կամավորները։ Առանց նրանց տեղահանվածները շատ ավելի ծանր իրավիճակում կհայտնվեին։ Նրանք Երևանում և մարզերում ապաստան գտած մարդկանց օգնություն են հասցնում կամ տեղերում բացված օգնության կետերում կատարում են առաջնային կարիքների գնահատում և մարդկանց օգնում ըստ կարիքի։ Sputnik Արմենիային հաջողվեց զրուցել նրանցից 2–ի հետ։
Երևանի Երվանդ Քոչար 5 հասցեում գործող «Մենք ու մունք» նախաձեռնությունը սկսել է գործել դեռևս 2020 թվականից` 44–օրյա պատերազմից հետո, Արցախի փախստականներին օգնելու համար։ Այժմ նախաձեռնությունը վերսկսել է իր գործունեությունը հանգանակությունների միջոցով և օգնել ավելի քան 4000 բռնի տեղահանվածների։
«Այս օրերին բռնի տեղահանվածներին տրամադրում ենք չոր սննդի (ձավարեղեն, մակարոնեղեն, քաղցրավենիք, ձեթ, մսային պահածոներ) և հիգիենայի պարագաների փաթեթներ` միջինում 7-10 հոգու համար նախատեսված։ Բացի այդ, տրամադրում ենք տաք հագուստ, անկողնային պարագաներ, սպասք։ Եթե ընտանիքում կա նորածին, տրվում են նաև տակդիրներ, մանկական կերեր, դպրոցական երեխաների համար` գրենական պիտույքներ, պայուսակներ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նախաձեռնության համահիմնադիր Լիլիթ Ադիբեկյանը։
Այս պահին հերթագրումները դադարեցրել են, կրկին կսկսեն, երբ կարողանան փաթեթներով ապահովել բոլոր գրանցվածներին։ Մինչ այդ տաք սննդով ու հագուստով են ապահովում նրանց, ովքեր նոր են դիմում նախաձեռնությանը։
Սոցցանցերում կամավորական գործունեությամբ հայտնի Աննա Հովհաննիսյանն էլ իր հետևորդների փոխանցած գումարներով մոտ 200 ընտանիքի անհատապես օգնել է` տրամադրելով սնունդ, հագուստ, մանկական տակդիրներ, հիգիենայի պարագաներ։
Եղել են նաև դեպքեր, որ սոցցանցերում մի հրապարակումով կարողացել է մարդկանց աջակցությունն ուղղել կարիքավոր ընտանիքին։
«Հիշում եմ` պետք էր մի ընտանիքի օգնել, որտեղ 12 երեխա էր ապրում։ Նրանց անհրաժեշտ էր լվացքի մեքենա և վառարան` հաց թխելու համար։ Սոցցանցում գրառում արեցի, հաշված րոպեներում խանութներից մեկը նոր լվացքի մեքենա տրամադրեց, մեր հավաքած գումարներով էլ վառարան գնեցինք ու տաք հագուստ»,–ասաց նա։
Այս օրերին որոշ կազմակերպություններ էլ աջակցեցին մարդկանց ժամանակավոր կացարաններում տեղավորելու հարցում։
Sputnik Արմենիան արդեն գրել է «Բռունցք 2020» և «Սմարթ Արմենիա» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասին, որոնք Արտաշատ քաղաքի կենտրոնում գործող մարզադպրոցի դահլիճը կացարան էին սարքել 104 արցախցիների համար, որոնցից 31 անչափահասներ էին։ Նրանց ապահովում էին տաք սննդով և հիգիենայի պարագաներով։
Կամավորները հույս ունեն, որ իրենք որպես շտապօգնություն կկարողանան օգնել տեղահանվածներին, մինչև մարդիկ վարձով բնակարաններ ու աշխատանք կգտնեն։
Վերադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ նա նշել էր, թե միջազգային գործընկերները խոստովանում են, որ իրենք չեն տեսել մի դեպք, երբ մեկ շաբաթում մի երկիր 100 հազար փախստական մտնի և այդ երկիրը կարողանա բոլորին ընդունել առանց փախստականների ճամբարներ և վրանային ավաններ հիմնելու` ընդգծենք, որ փախստականների նման հոսքը Հայաստանի համար նորություն չէ։ 90–ականներին Հայաստանը 2-3 տարվա ընթացքում ընդունեց ավելի քան 500 000 փախստականի Բաքվից և Սումգայիթից։ Այսօր այս թվից մի քանի անգամ քիչ մարդ է եկել Հայաստան։ Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով`պետությունը պարտավոր է և պետք է պատշաճ կարգով հաշվառում իրականացնի։ Իսկ եթե պետության ուժերը չեն բավարարում, այդ ժամանակ պետք է գործի սոցիալական պայմանագիր հասարակական կազմակերպությունների հետ, որոնք իրենց վրա կվերցնեն պատվիրակված գործառույթներ ու հաշվետու կլինեն պետական մարմնին։
Հաշվառումը, որ տարվում է այսօր ՀՀ պետական կառույցների կողմից, Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ, համարժեք չէ իրականությանը։ Եվ խնդիրը պետական ռեսուրսների սղությունը չէ, այլ տեղահանվածներով զբաղվող կառույցների պրոֆեսիոնալիզմի ու պետական մոտեցման բացակայությունը։