Իսրայելական բանակը հրապարակել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգվածների թիվը

Իսրայելական տանկ. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ ՌԴ-ում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված և Գազայի հատվածում պատանդառված անձանց ազատ արձակման հարցում առաջընթաց չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Գազայի հատվածում իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման կողմից առևանգվածների թիվը, ըստ հաստատված տեղեկությունների, հասել է 203–ի։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Դանիել Հագարին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ըստ նրա, հոկտեմբերի 7-ից ի վեր 306 իսրայելցի զինվոր է զոհվել ՀԱՄԱՍ շարժման և իսրայելական բանակի միջև հակամարտության հետևանքով։
Ավելի վաղ ՌԴ-ում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված և Գազայի հատվածում պատանդ վերցված անձանց ազատ արձակման հարցում առաջընթաց չկա։
«Նրանք պատանդներին ուղղակի պետք է ազատ արձակեն։ Երբ բոլորը խոսում են հումանիտար խնդիրների մասին, չգիտես ինչու, ոչ ոք չի ասում, որ երեխաներին, ծերերին և կանանց պատանդ պահելը մարդասիրական խնդիր չէ»,- նշել է դիվանագետը։
Բեն Զվին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ոչ ոք ՀԱՄԱՍ-ին կոչ չի անում ազատ արձակել պատանդներին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3400-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավոր են: