ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Պրոֆեսոր, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործն արդեն դատական վիճաբանությունների փուլում է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Դատական նիստի ընթացքում, ըստ էության, քննարկման առարկա էլ չկա։ Հիմա դատական վիճաբանությունների փուլում ենք։ Այսօր դատախազն իր ճառը ներկայացրեց ու միջնորդեց Չարչյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել 5 տարի ազատազրկում։ Հաջորդ նիստին՝ նոյեմբերի 24-ին, ես եմ հանդես գալու ճառով։ Պատրաստվում եմ ևս մեկ անգամ փոշիացնել այս մեղադրանքը»,- նշեց Ալեքսանյանը։
Նա դատախազի ճառն անվանեց սնանկ և շեշտեց՝ հետևաբար այլ ելք, քան Չարչյանի արդարացումն է, պաշտպանական կողմը չի պատկերացնում:
Հիշեցնենք` 2021–ի հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։
Դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել պատգամավորին։ Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ` խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։