ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը սկսում է 2023 թ. հոկտեմբեր ամսվա 40+10 հազար դրամների հատկացումը ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Անկախ տարիքից՝ ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք հոկտեմբեր ամսին 40+10 հազար դրամ աջակցությունը կստանա 6 ամսյա ժամանակահատվածում` 40 հազարը ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10 հազար դրամը` կոմունալ ծախսերը վճարելու համար»,– ընդգծեց նա։
Նախարարը նաև նշեց, որ հոկտեմբերի վճարումները սկսելու համար հիմք կհանդիսանան 100 հազար դրամ սոցիալական միանվագ աջակցության շահառուների ցուցակները։
Նա տեղեկացրեց, որ 40+10 հազար դրամները չեն ստանա այն անձինք, որոնք ՀՀ–ում ունեն սեփականություն կամ ապրում են պետության հոգածության ներքո գտնվող խնամքի կենտրոններում։ Ըստ նրա` խնամքի կենտրոններում ապրող անձինք 222–ն են` 75+ տարեցներ և 1-ին, 2–րդ կարգի հաշմանդամներ։
Մկրտչյանը նշեց նաև, որ այս պահին կանխիկ եղանակով ֆինանսական աջակցությունը ստանում է 2600 անձ. երբ արդեն նոյեմբեր ամսվա ցուցակները հստակեցվեն, այդ մարդիկ ևս գումարը կստանան անկանխիկ։
Նշվեց նաև, որ այս պահին բանկային քարտ ունի Արցախից բռնի տեղահանված 90 հազար անձ։