Դատարկ փողոցներ, հատուկենտ մարդիկ. Կարմիր խաչն Արցախից տեսանյութ է հրապարակել

Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են 4 անձինք, որոնք տարածքից դուրս գալու ցանկություն են հայտնել։
Sputnik
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Լեռնային Ղարաբաղում նկարահանված տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով այնտեղ տարվող աշխատանքները։
Նկարահանումները կատարվել են հոկտեմբերի 10-13–ն ընկած ժամանակահատվածում։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ԿԽՄԿ թիմի անդամները շրջում բնակավայրերում` փնտրելով այնտեղ մնացած մարդկանց, որպեսզի հոգան նրանց հումանիտար առաջնային կարիքները։
Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են 4 անձինք, որոնք տարածքից դուրս գալու ցանկություն են հայտնել։ Գտնվել են նաև մարդիկ, որոնք ասել են, թե ցանկանում են մնալ։ Նրանց տրամադրվել է սնունդ, այլ անհրաժեշտ պարագաներ։ ԿԽՄԿ աշխատակիցներն իրենց հեռախոսներն են տրամադրել հարազատների հետ կապ հաստատելու համար։
Նշվում է, որ ԿԽՄԿ–ն աշխատանքներ է տանում նաև անհետ կորած անձանց հայտնաբերելու համար։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։