ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործով դատախազը պահանջում է 5 տարվա ազատազրկման դատապարտել նրան։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը` նշելով, որ դատախազն այսօր այդպիսի միջնորդություն է ներկայացրել դատարանին։
«Նոյեմբերի 24-ին`ժամը 16:00-ին, նշանակված դատական նիստում ես եմ հանդես գալու ճառով»,– գրել է Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք` 2021 թվականի հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։
Դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել պատգամավորին։ Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ` խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։