Լուրեր

Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝
Sputnik
▪️ Եվրամիությունը հայտարարություն է ընդունել։ Ակնկալում է, որ Ադրբեջանը համաներում կկիրառի Ղարաբաղի բոլոր հայերի նկատմամբ։
▪️ Վատ եղանակի պատճառով Վերին Լարսը փակ է ՌԴ-ից Վրաստանի և Հայաստանի ուղղությամբ ծանր բեռնատարների ելքի համար մինչև լրացուցիչ ծանուցումը. հայտնում է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ-ը
▪️ Ռոբերտ Քոչարյանի որդին ևս 2 ամիս կմնա կալանքի տակ, դատարանը բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը։
▪️ Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Էնդրյու Թըրներն իր հավատարմագրերն է հանձնել Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակը։
▪️ ԱՄՆ-ը հակաիրանական պատժամիջոցների ցանկում է ներառել Ռուսաստանի ռազմական արդյունաբերության մի շարք ընկերություններ, այդ թվում՝ օդատիեզերական ուժերը, Ռոսօբորոնէքսպորտը, ՊՆ Անօդաչու ավիացիայի պետական կենտրոնը և «Ռազմատրանսպորտային ավիացիան»։ Այդ բոլոր կառույցներն ու կազմակերպություններն արդեն իսկ տարբեր պատժամիջոցների տակ էին։
▪️ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վլադիմիր Զելենսկիին վստահեցրել է, որ ճգնաժամերը չեն ազդի Ֆրանսիայի և Եվրամիության կողմից Ուկրաինային տրվող աջակցության վրա․ «Ֆրանսիական և եվրոպական աջակցությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»։
▪️ Իսրայելը ներողություն է պահանջում ՄԱԿ-ից, որը թույլ է տվել ՀԱՄԱՍ–ի «ռազմական մեքենայի» ստեղծումը Գազայի հատվածում: Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը։ Նրա խոսքով՝ կազմակերպության ներկայացուցիչները պետք է ներողություն խնդրեն, որ երբեք խորհուրդ չեն հավաքել, երբ ՀԱՄԱՍ-ի հրթիռները դիտավորյալ արձակվել են իսրայելական հիվանդանոցների ուղղությամբ և տարիներ շարունակ խուսափել են հրատապ խնդիրների լուծումից:
▪️ Պաղեստինին աջակցող ցուցարարները Վաշինգտոնում ներխուժել են Կոնգրեսի շենք։ Խաղաղ ցույցը վերածվել է ոստիկանության հետ բախումների։ Հանրահավաքի մասնակիցներին հաջողվել է ճեղքել ոստիկանական պատնեշը և ներխուժել Կապիտոլիումի մասնաշենքերից մեկը, հետո իրավապահներն սկսել են բերման ենթարկել ցուցարարներին ու ցրել ցույցը։
Sputnik Արմենիա, 106․0fm