Տարածաշրջանային իրավիճակը չպետք է արգելակի Իսրայելի և արաբական երկրների մերձեցումը. ԵՀ

Եմ դրոշները Բրյուսելում
Եվրահանձնաժողովի ղեկավարը կարծում է, որ ՀԱՄԱՍ–ի գործողությունները կարող են ազդել Իսրայելի և նրա արաբական հարևանների պատմական մերձեցման վրա, բայց անկայունությունը կարելի է զսպել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ արաբական երկրների հետ Իսրայելի մերձեցման վրա, դա պետք է կանխել։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Մենք գիտենք, որ ՀԱՄԱՍ–ի գործողությունները կարող են անդրադառնալ Իսրայելի և նրա արաբական հարևանների պատմական մերձեցման վրա։ Սակայն դրանում որևէ անխուսափելի բան չկա, անկայունությունը կարելի է զսպել։ Իսրայելի և նրա հարևանների միջև երկխոսությունը կարող է և պետք է շարունակվի», – ասել է նա` ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանի ընթացքում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: