ԼՂ–ից տեղահանվածներից 272–ը բնակվում են Ծաղկաձորի հանգստյան տներում. ՄԻՊ–ն այցելել է նրանց

Անահիտ Մանասյանն ու Դունյա Միյատովիչը հանդիպել են Կոտայքի մարզում ժամանակավոր բնակություն հաստատած մեր հայրենակիցների հետ
Արձանագրված խնդիրները կամփոփվեն, և դրանց լուծմանն ուղղված առաջարկները կներկայացվեն իրավասու մարմիններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Ծաղկաձոր, որտեղ Արցախից բռնի տեղահանված 272 անձ է բնակություն հաստատել, և ծանոթացել նրանց խնդիրներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Նշվում է, որ Ծաղկաձոր խոշորացված համայնքի հանգստյան տներից մեկում այս պահին բնակվում է բռնի տեղահանված 105 անձ, այդ թվում՝ 40 երեխա:
«Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ։ ԼՂ–ից բռնի տեղահանվածները ներկայացրել են իրենց կրած զրկանքները և բռնի տեղահանման հետևանքովառաջացած խնդիրները։ Անդրադարձ է կատարվել կենսաթոշակների, պետական նպաստների վճարման հետ կապված հարցերին»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված հարցերին։
Բացի այդ, Անահիտ Մանասյանն այցելել է նաև Ծաղկաձորի ԵՊՀ «Համալսարան» հյուրանոց, որտեղ այս պահին գտնվում է բռնի տեղահանված 167 անձ, այդ թվում՝ 44 երեխա:
Պաշտպանը տեղում ուսումնասիրել է բռնի տեղահանված հայրենակիցների պահման պայմանները, կարիքների գնահատման, բժշկական օգնության և սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի պարագաների տրամադրման գործընթացները։
Անահիտ Մանասյանը Ծաղկաձոր է մեկնել Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։
Այցի արդյունքում արձանագրած խնդիրները կամփոփվեն, և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ կներկայացվեն իրավասու մարմիններին:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։