ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգեբանական խնդիրների մասին խոսելիս պետք է հաշվի առնել մի հանգամանք` նրանք դեռ շոկային վիճակում են, մեծահասակները փորձում են իրենց ընտանիքների սոցիալական կարիքներն առաջնահերթ հոգալ, և շատերը դեռ հոգեբանական խնդիրները չեն գիտակցում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց պրակտիկ հոգեբան, արտ–թերապևտ, «Արտթերապիայի ակումբի» համահիմնադիր Անահիտ Խաչատրյանը։
Երեխաների մոտ ևս հիմա ադապտացվելու, նոր միջավայրին հարմարվելու փուլն է։ Հոգեբանի խոսքով` երեխաների հոգեկան աշխարհն ավելի ճկուն է, նրանք ավելի արագ են հարմարվում, բայց պետք չէ հույսը միայն դրա վրա դնել։
Ամենասուր փուլն առաջին շաբաթից մեկ ամիս է։ Այս շրջանում ծնողները պետք է ուշադրություն դարձնեն երեխայի ախորժակի փոփոխությանը` ախորժակի բացակայություն կամ հակառակը` սրացում, քնի ռեժիմի փոփոխություն, մղձավանջներ և այլն։
«Սրանք առաջին ազդանշաններն են, որ ծնողը պետք է ուշադրություն դարձնի։ Նաև ակտիվ են լինելու հոգեսոմատիկ խնդիրները, կարող են առաջանալ տարբեր հիվանդություններ` կոկորդ, սիրտ, աղեստամոքսային, ալերգիաներ, դերմատիտներ, գլխացավեր։ Սրանք բնորոշ են հետտրավմատիկ շրջանին»,– նշում է մասնագետը։
Շատ կարևոր է, որ հասարակությունն օգնի մեր հայրենակիցներին հաղթահարել խնդիրները. ըստ մասնագետի` առաջին քայլն ապրումակցելն է, տեղահանվածների պատմությունները լսելը։ Կարևոր է համբերատար և գիտակցված վերաբերմունք դրսևորել, որովհետև սթրեսային վիճակում գտնվող մարդիկ կարող են նաև որոշակի ագրեսիվություն դրսևորել, ոչ ադեկվատ արձագանքել տարբեր իրողություններին։ Այս առումով մասնագետը խորհուրդ է տալիս ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել, զբաղվել ոչ ագրեսիվ սպորտաձևերով, օրինակ` լող, յոգա, ֆիթնես և այլն։
Առանձնահատուկ կարևորում է դպրոցներում մանկավարժների աշխատանքը. ուսուցիչները պետք է աշակերտներին նախապատրաստեն ջերմորեն ու հարազատաբար դիմավորել դասընկերոջը, նրան ընդունել ոչ որպես նորեկի` «մենք» և «նա» տարբերակումով, այլ որպես իրենցից մեկը։
Առավել մանրամասն` տեսանյութում։