ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Կապանի քաղաքային մարզադաշտում կկայանա «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարը, որին կմասնակցեն լրագրողների 8 թիմեր՝ Գերմանիայի, Ռումինիայի, Եգիպտոսի, Լիտվայի, Մոլդովայի, Վրաստանի, Երևանի և Կապանի։ Տեղեկությունը հայտնում են կազմակերպիչները։
Մրցաշարը սկսվելու է հոկտեմբերի 21-ին` ժամը 11.00-ին։ Խաղերն անցկացվելու են ֆուտբոլային դաշտի մեկ քառորդի հատվածում, զուգահեռաբար 4 խաղադաշտում։ Բոլորը թիմերը մրցելու են միմյանց հետ։ Մեկ խաղի տևողությունը 20 րոպե է։ Յուրաքանչյուր խաղից հետո կլինի 10 րոպե ընդմիջում, իսկ 4-րդ խաղից հետո՝ 20 րոպե, որի ընթացքում երկրպագուների միջև կխաղարկվեն արժեքավոր նվերներ։
Միջոցառման կազմակերպիչն է Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիան, գլխավոր հովանավորը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, աջակիցը՝ «Սյունիք» ֆուտբոլային ակումբը։
ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, խոսելով մրցաշարի կարևորության մասին, ասել է, որ սա Սյունիքը մի քանի երկրների լրագրողների մեծ խմբի ներկայացնելու հնարավորությունն է։
Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիայի նախագահ Դավիթ Ալավերդյանն էլ նշել է, որ մրցաշարի անցկացման վայրի ընտրությունը պատահական չէ. այսօր սյունեցիներն ունեն քաջալերման և բարոյական աջակցության կարիք, և մի քանի տասնյակ օտարերկրյա լրագրողներ հնարավորություն կունենան սեփական աչքերով տեսնելու Սյունյաց աշխարհի գեղեցկությունը և ծանոթանալ գլխավոր հարստությանը՝ մարդկանց։