ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության համար կարևոր է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ աշխատանքային ճաշի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին, այդ թվում` միջազգային հանրության կողմից ակնկալվող աջակցությանը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Լուիզ Մուշիկիվաբոն իր հերթին նշել է, որ Հայաստան է ժամանել իր համերաշխությունն արտահայտելու հայ ժողովրդին՝ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանման պայմաններում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նշվել է նաև, որ հատկապես վերջին տարիներին երկկողմ փոխգործակցությունը ակտիվորեն ամրապնդվում է և տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերը նպաստում են ՖՄԿ անդամ պետությունների միջև կապերի զարգացմանն ու խորացմանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն հոկտեմբերի 17–ին երկօրյա այցով ժամանել է Երևան։
Հիշեցնենք, որ Մուշիկիվաբոն Երևան էր այցելել 2021 թվականի հոկտեմբերին։ Նա մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։