ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքում ադրբեջանցի զինվորականների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը հայտարարել է, որ չի ընդունում Բաքվում իրեն առաջադրված մեղադրանքները: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Խաչատրյանն ընդգծել է, որ Արցախյան առաջին պատերազմի ընթացքում որևէ հանցագործություն չի կատարել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվում սկսվել է Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով դատական երկրորդ նիստը։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նրան մեղադրում է հանցավոր խումբ ստեղծելու մեջ` պնդելով, որ գործով տուժված է ճանաչվել 59 մարդ։
Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։