ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինա գաղտնի մի քանի ամերիկյան ATACMS հեռահար հրթիռներ են հասցվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով The Wall Street Journal-ին։
Ավելի վաղ Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարել էր, որ ATACMS-ներն արդեն Ուկրաինայում են։ Նրա խոսքով՝ դրանք օգտագործվել են Զապորոժիեի մարզի Բերդյանսկ քաղաքին հարված հասցնելու փորձի ժամանակ։ Ավելի ուշ Politico թերթը նաև հայտնել էր, որ Ուկրաինայի ԶՈւ-ն այսօր առաջին անգամ այդ հրթիռներն արձակել է ռուսական թիրախների ուղղությամբ։
Նախորդ գիշեր քաղաքում գործել են ՀՕՊ համակարգերը։ Հայտնել են մի քանի պայթյունների մասին, զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամյան իր պաշտոնական ալիքում հաստատել է ԱՄՆ-ի կողմից ATACMS-ների ստացումը։ «Այսօր մեծ երախտագիտություն ենք հայտնում Միացյալ Նահանգներին։ Նախագահ Բայդենի հետ մեր պայմանավորվածությունները կատարվում են։ Բավական դիպուկ են կատարվում, ATACMS-ներն իրենց ցույց տվեցին», - հայտարարել է նա։
Այդ թեմային անդրադարձել է նաև CNN-ը, որը տեղեկություն է տարածել այն մասին, որ զինամթերքը գաղտնի է փոխանցվել, որպեսզի Ռուսաստանը չհասցնի սարքավորումներն ու սպառազինությունը տեղափոխել դրանց հասանելիության գոտուց դուրս։
New York Times թերթն իր հերթին, պաշտոնյաներին հղում անելով, հայտնել էր, որ մատակարարված MGM-140 ATACMS հրթիռները կասետային զինամթերք են պարունակում։