ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ն պատրաստ է վերականգնելու Մեղրիի երկաթուղին, որը Հայաստանի հարավով կկապի ոչ միայն ՀՀ–ն և Ադրբեջանը, այլև ՀՀ-ի հարավային շրջանները հյուսիս–արևմտյան շրջանների հետ։ Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն կկապի նաև Ադրբեջանի հարավ–արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, հետագա շարունակությամբ նաև` ՀՀ–ն Թուրքիայի հետ, Ադրբեջանը Թուրքիայի հետ, Վրաստանը, Ադրբեջանը, ՀՀ–ն Իրանի հետ, Արևելքը Արևմուտքի հետ` Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, հյուսիսը հարավի հետ` Պարսից ծոցից մինչև Սև ծով»,– ընդգծեց նա։
Նրա խոսքով` ՀՀ–ում այս նախագիծն անվանում են «հայկական խաչմերուկ»։
Փաշինյանի կարծիքով` այս նախագիծն ավելի տարածաշրջանացնելու, ռեբրենդինգի ենթարկելու և Եվրախորհդարանի ամբիոնից այն խաղաղության խաչմերուկ անվանելու ժամանակն է։
«Խաղաղության խաչմերուկը ենթադրում է նաև խողովակաշարերի ու էլեկտրագծերի անցկացում ևս»,– ընդգծեց նա։
ՀՀ վարչապետի վստահեցմամբ` նույն տրամաբանությամբ ՀՀ–ն պատրաստ է նաև ավտոճանապարհների բացմանը։ Դա, ըստ նրա` կարևոր է Հայաստանի համար, քանի որ մեր երկիրն արդեն 30 տարի է` շրջափակման մեջ է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։
Հիշեցնենք` հունիսի 2-ին Մոսկվայում անցկացվեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը:
Հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում: