ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների (ԵԽ ՄԻ) հանձնակատար Դունյա Միյատովիչն այցելել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Բռնի տեղահանված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ։ Նրանք Մանասյանին և Միյատովիչին ներկայացրել են իրենց կրած զրկանքները և բռնի տեղահանման արդյունքում առաջացած խնդիրները։ ՀՀ ՄԻՊ–ն ու ԵԽ ՄԻ հանձնակատարն ուսումնասիրել են նրանց պահման պայմանները, կարիքների գնահատման, բժշկական օգնության և սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի պարագաների տրամադրման գործընթացները»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հատուկ ուշադրություն է դարձվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված հարցերին։ Դրանք տեղում քննարկվել են պատասխանատու աշխատակիցների, այդ թվում՝ բուժաշխատողների հետ։
Այցի արդյունքում Մանասյանի արձանագրած խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն իրավասու մարմիններին:
Հիշեցնենք՝ պաշտոնական տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն է ժամանել 100 632 բռնի տեղահանված քաղաքացի։
Մանասյանը և Միյատովիչը համատեղ այց են կատարել Արցախից բռնի տեղահանվածների կացարան