Գազայի հիվանդանոցի ուղղությամբ Իսրայելի ավիահարվածի հետևանքով ավելի քան 500 մարդ է զոհվել

Ընդհանուր առմամբ Իսրայելի ու Պաղեստինի միջև հակամարտության ընթացքում զոհվածների թիվը 4500–ի է հասել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Պաղեստինի Գազայի հատվածում տեղակայված Ahli Arab հիվանդանոցի ուղղությամբ Իսրայելի ավիահարվածի հետևանքով ավելի քան 500 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Al Jazeera–ն։
BBC-ն էլ նշել է, որ հիվանդանոցի տարածքում բազմաթիվ փախստականներ են թաքնված եղել։
Գազայի քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչները հայտարարում են, որ պայթյունը իսրայելական ավիահարվածի արդյունք է, հարյուրավոր մարդիկ փլատակներում են։
Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ հետաքննում են միջադեպը։
50 տարի առաջ Իսրայելը հաղթեց, բայց վարչապետը հրաժարական տվեց. ինչպե՞ս կվարվի Նեթանյահուն
Նշվում է, որ Իսրայելի 11 օրվա ռմբակոծությունների և ավիահարվածների ընթացքում զոհվածների թիվը հասել է 3000-ի, իսկ 12 հազար 500 մարդ վիրավորվել է:
Պաղեստինում եռօրյա սուգ է հայտարարվել։
Իսրայելում հակամարտության պատճառով զոհվել է մոտ 1.5 հազար մարդ, վիրավորվել է ավելի քան 4.2 հազարը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: