ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիս ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը կարևորագույն գործընկեր է Եվրամիության համար։
«Մենք անվերապահ աջակցություն ենք հայտնում ՀՀ–ին` անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը»,– հայտարարեց նա։
Եվրախորհրդարանի ղեկավարը նշեց, որ նախորդ լիագումար նիստի ժամանակ մենք համատեղ հայտարարություն ընդունեցինք և դատապարտեցինք ԼՂ-ի նկատմամբ հարձակումը։ Այժմ, ըստ նրա, պետք է ուշադրությունը կենտրոնացնեն խաղաղ բանակցությունների վերսկսման վրա։
«Կոչ ենք անում հարգել հայերի իրավունքները և անվտանգությունը։ ԼՂ–ում միջազգային հանրության ակտիվ մասնակցությունն անհրաժեշտություն է։ Մեր ջանքերը պետք է ուղղենք ԼՂ–ում բնկավել շարունակող հայերի երաշխիքներ տալուն օգնելուն, խաղաղությանը և հաշտեցմանը։ Մենք հավատարիմ ենք մնում բոլոր այն ջանքերին, որոնց նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացումը` հիմքում ունենալով երկու երկրների անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները»,– ընդգծեց Ռոբերտա Մեցոլան։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։