Լուրեր

Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝
Sputnik
▪️ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով երեկ մեկնել է Ստրասբուրգ: Եվրոպական խորհրդարանում այսօր նախատեսված է վարչապետ Փաշինյանի ելույթը և ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ հանդիպումը, որի ավարտին կլինեն հայտարարություններ լրատվամիջոցների համար։
▪️ Գործարկվել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակ, որտեղ հասանելի է մարզերի հանրակրթական դպրոցներում առկա 1422 ուսուցչի թափուր աշխատատեղ, հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։ Հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար։
▪️ Բաքվի զինվորական դատարանում այսօր կվերսկսվի Լաչինի ապօրինի անցակետից հուլիսի 29-ին առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` պետական մեղադրողը դատարանից պահանջել է անխափան թողնել Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը։
▪️ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն։ Հիմք ընդունելով նաև Սամվել Բաբայանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունները, Գալստյանը հաղորդում է ներկայացրել 2 դրվագով։
▪️ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Արաբական միացյալ էմիրությունների արտաքին առևտրի պետնախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիին ներկայացրել է Հայաստանում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը․ Քերոբյանն առաջարկել է քննարկել այս ուղղությամբ ևս համագործակցելու հնարավորությունները։
▪️ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու Ռուսաստանի արտգործնախարարության առաջապահ խմբի ղեկավարի Անդրեյ Շանինը երեկ հանդիպել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ: Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ նոր գլխավոր հյուպատոսությունը կարևոր ներդրում կունենա հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդման ու տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում։ Ըստ կողմերի՝ գլխավոր հյուպատոսությունը կնպաստի նաև երկու երկրների մշակութային-հումանիտար, առևտրատնտեսական ու միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը:
Sputnik Արմենիա, 106․0FM