Այսօր Թել Ավիվ–Երևան հատուկ չվերթով ՀՀ է ժամանել է 149 անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ նրանք ՀՀ քաղաքացիներ են և ազգությամբ հայեր։
«Նախնական տվյալներով մեկնելու ցանկություն հայտնել էր 190 անձ, իսկ չվերթին ներկայացել և մեկնել է 149-ը»,– նշված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
ԱԳՆ–ն նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում է` հատուկ չվերթով ժամանածներին օդանավակայանում դիմավորում է ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Ավելի վաղ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստան տեղափոխվողների թվում ավելի քան 70 երեխա կա։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Հարձակումից հետո մի քանի օրվա ընթացքում իսրայելցի զինվորականները վերահսկողության տակ վերցրին Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակավայրերը և սկսեցին ավիահարվածներ հասցնել Գազայի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ քաղաքացիական: Իսրայելը նաև հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել է ջրի, սննդի, էլեկտրականության, դեղորայքի, վառելիքի մատակարարումը:
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, իսկ Իսրայելի զոհված բնակիչների թիվը՝ հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Հաղորդվում է մի քանի զոհված և անհետ կորած ռուսաստանցիների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների մասին: ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել ավելի քան 150 իսրայելցու։
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, որը կապված է կողմերի տարածքային շահերի հետ, տասնամյակներ շարունակ լարվածության և ռազմական բախումների աղբյուր է հանդիսանում տարածաշրջանում։ ՄԱԿ-ի որոշմամբ` ԽՍՀՄ-ի ակտիվ դերակատարմամբ 1947-ին որոշվեց ստեղծել երկու պետություն՝ Իսրայել և Պաղեստին, բայց ստեղծվեց միայն իսրայելական պետությունը: Իսրայելը, համաձայնություն հռչակելով երկու պետությունների սկզբունքի հետ, վերջնականապես չազատեց պաղեստինյան տարածքները։