ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան խաղի նախօրեին մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն ու հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը վստահեցրին, որ վաղը լավ ֆուտբոլ են ցուցադրելու։
Ընկերական ու պաշտոնական խաղերը համեմատելիս` հիմնականում տարբերությունը լինում է հոգեբանության ու մոտիվացիայի մեջ։ Բայց այսօր կայացած ասուլիսում, և՛ մարզիչը, և՛ ֆուտբոլիստը հերքեցին այս գործոնը։
«Լատվիայից կրած պարտությունից հետո ես ու ֆուտբոլիստները զրուցեցինք ու հասկացանք իրար։ Սպասում եմ, որ վաղը մեր թիմը կխաղա նվիրված ու լավ խաղ կցուցադրի։ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականն անընդհատ առաջընթաց է գրանցում, և մենք պետք է զգուշանանք մրցակցի յուրաքանչյուր ֆուտբոլիստից։ Ընկերական խաղը ոչ մի կերպ չի նշանակում, որ պայքար չի լինելու»,- ասեց Պետրակովը։
Իսկ պաշտպան Նաիր Տիկնիզյանն ավելի ընդգծեց առաջիկա խաղում մեր ֆուտբոլիստների մոտիվացիայի գործոնը․ «Ես կարծում եմ, որ մեր հավաքականի համար ընկերական կամ ստուգողական բնույթի խաղեր չկան։ Յուրաքանչյուր խաղի մենք դուրս ենք գալիս մեր ազգին ու պետությանն ուրախացնելու համար։ Այնպես, որ ստացվում է, որ վաղը պաշտոնական հերթական խաղ է լինելու, և մենք կանենք ամեն ինչ հաղթանակի հասնելու ու մեր ժողովրդին ուրախացնելու համար։
Հավելենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վաղը Ստրումիցա քաղաքում, ընկերական հանդիպում է անցկացնելու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ։
Հաջորդ խաղը Հայաստանի ազգային հավաքականն անցկացնելու է նոյեմբերի 18-ին։ Այդ օրը մեր ընտրանին Եվրո-2024-ի որակավորման փուլի նախավերջին խաղում Երևանում հյուրընկալելու է Ուելսի հավաքականին։