Մասիսում և Մեծամորում գտնվող արցախցիները ստացան ՌԴ-ից ուղարկված մարդասիրական օգնությունը

Բեռը Հայաստան է բերվել հոկտեմբերի 13-ին, ընդհանուր շուրջ 6 տոննա քաշով:
Sputnik
ՀՀ Արարատի մարզի Մասիս և Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքներում տեղակայված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները ստացան Ռուսաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը:
«Ռոսսոտրուդնիչեստվո»- ն բեռները տեղափոխում է այն քաղաքներ, որտեղ այժմ աշխատում են փախստականների օգնության կենտրոնները: Մարդասիրական օգնությունն ուղարկվելու է նաև Ջերմուկ, Ծաղկաձոր, Գավառ և Սևան:
Մասիսում և Մեծամորում գտնվող արցախցիները ստացան ՌԴ-ից ուղարկված մարդասիրական օգնությունը
Նշենք, որ օգնությունը հոկտեմբերի 13-ին Հայաստան է ուղարկվել «Ռուսական մարդասիրական առաքելություն» կազմակերպության շնորհիվ: Բեռներում առկա է սնունդ և հիգիենայի պարագաներ, մասնավորապես, շաքարավազ, հնդկաձավար, ձեթ, բրինձ, մակարոնեղեն, թեյ, պահածոյացված միս, թխվածքաբլիթներ, մանկական կեր, արագ պատրաստման չոր սնունդ, ինչպես նաև թաց և չոր անձեռոցիկ, օճառ, զուգարանի թուղթ, սպասք լվանալու հեղուկ, լվացքի փոշի և այլն։
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարի տեղակալ Վիկտորիա Դերիպասկոն Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Մասիս քաղաքում բեռները բաշխվել են բռնի տեղահանված 120 ընտանիքի միջև:
Մասիսում և Մեծամորում գտնվող արցախցիները ստացան ՌԴ-ից ուղարկված մարդասիրական օգնությունը
«Այդ ընտանիքներին տրամադրվել է և սնունդ և հիգիենայի պարագաներ: Ընդհանուր առմամբ յուրաքանչյուր անձի բաժին է հասել 12 կգ օգնություն: Հասկանում ենք, որ ընտանիքներում մարդիկ շատ են և բոլորին միանգամից չի հերիքի, բայց սա էլ աջակցություն է մեր կողմից: Պայմանավորվել էինք Մասիսի համայնքապետարանի իրավասու անձանց հետ, նրանք էլ ուղղորդել են փախստականներին այստեղ»,- նշեց Դերիպասկոն:
Մասիսի բաշխման կետում ստուգվում էին քաղաքացիների անձնագրերը՝ հավաստիանալու համար, որ իրենք իրոք Արցախից տեղահանվածներ են և օգնությունը տրամադրվում էր:
Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքում Արցախից բռնի տեղահանված շուրջ 500 ընտանիք կա։ Այստեղ բնակություն հաստատած 120 ընտանիքին նույնպես տրամադրվեց ռուսական մարդասիրական օգնությունը։
Ավելի վաղ մենք հայտնել էինք, որ հումանիտար բեռները բերվել են «Ռուսական մարդասիրական առաքելություն» կազմակերպության գործընկերների՝ Վոլգոգրադի «Բարեկամության տան» հետ համատեղ:
Հիշեցնենք, որ Հայաստան ուղարկված բեռն ընդհանուր առմամբ կշռում էր շուրջ 5.8 տոննա:
Ավելի վաղ «Ռուսական տունը» Սյունիք էր հասցրել տեղահանվածների համար նախատեսված մարդասիրական բեռի հերթական խմբաքանակը: