Խիստ մտահոգիչ է Ադրբեջանի ԶՈւ–ի ներկայությունը ՀՀ–ում. Մանասյանը` Միյատովիչին

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին
ՀՀ ՄԻՊ–ը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկվել է բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերվող խնդիրները։
Ինչպես հայտնում են պաշտպանի գրասենյակից, դրանք վեր են հանվել անձամբ ՄԻՊ–ի և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների ընթացքում։
«Բռնի տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հարցի քննարկման համատեքստում պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի՝ պետության տարբեր մակարդակներում դրսևորվող և խրախուսվող հայատյաց քաղաքականության վերաբերյալ փաստեր»,–ասված է հաղորդագրության մեջ:
Պաշտպանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին՝ արձանագրելով, որ մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման տեսանկյունից խիստ մտահոգիչ է ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում։
Իր հերթին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Անահիտ Մանասյանին աշխատանքների արդյունքների համապարփակ ներկայացման համար և վերահաստատել պաշտպանի հաստատության հետ սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։