Իսրայելից 190 մարդ է տեղափոխվում Հայաստան

Ուղևորներ
Հայաստան տեղափոխվողների թվում ավելի քան 70 երեխա կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Թել Ավիվ-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվում 190 մարդ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Մեկնարկել է Թել Ավիվ - Երևան չվերթը, որով Իսրայելից Հայաստան է տեղափոխվում ՀՀ 190 քաղաքացի և ազգությամբ հայ»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Բադալյանի խոսքով` Հայաստան տեղափոխվողների թվում ավելի քան 70 երեխա կա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թել Ավիվից քաղաքացիներին տեղափոխելու համար հատուկ չվերթի ինքնաթիռ է մեկնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Հարձակումից հետո մի քանի օրվա ընթացքում իսրայելցի զինվորականները վերահսկողության տակ վերցրին Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակավայրերը և սկսեցին ավիահարվածներ հասցնել Գազայի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ քաղաքացիական: Իսրայելը նաև հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել է ջրի, սննդի, էլեկտրականության, դեղորայքի, վառելիքի մատակարարումը:
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, իսկ Իսրայելի զոհված բնակիչների թիվը՝ հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Հաղորդվում է մի քանի զոհված և անհետ կորած ռուսաստանցիների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների մասին: ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել ավելի քան 150 իսրայելցու։
Իսրայելի կողմից Գազայի հարավի համար հումանիտար հրադադար է սպասվում
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, որը կապված է կողմերի տարածքային շահերի հետ, տասնամյակներ շարունակ լարվածության և ռազմական բախումների աղբյուր է հանդիսանում տարածաշրջանում։ ՄԱԿ-ի որոշմամբ` ԽՍՀՄ-ի ակտիվ դերակատարմամբ 1947-ին որոշվեց ստեղծել երկու պետություն՝ Իսրայել և Պաղեստին, բայց ստեղծվեց միայն իսրայելական պետությունը: Իսրայելը, համաձայնություն հռչակելով երկու պետությունների սկզբունքի հետ, վերջնականապես չազատեց պաղեստինյան տարածքները։