ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Իրանցի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ, 1971 թվականի Մոսկվայի միջազգային կինոփառատոնի «Ոսկե մրցանակի» հավակնորդ Դարիյուշ Մեհրջուիին և նրա կնոջը մահացած են գտել Իրանի հյուսիսում գտնվող նրանց տանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Tasnim գործակալությունը։
Ռեժիսորն իր ընտանիքի հետ միասին ապրում էր Ալբորզ նահանգում գտնվող առանձնատանը։ Մարմինները հայտնաբերել է նրանց դուստրը, նա անմիջապես ոստիկանություն է կանչել։ Զոհվածների մարմինների վրա հայտնաբերվել են ծեծի և կտրվածքների հետքեր։
Դատաբժիշկների նախնական եզրակացության համաձայն՝ մահը վրա է հասել խեղդամահությունից, ամուսիններին հասցված ուժեղ հարվածների ու կտրվածքների հետ մեկտեղ: Գործակալությունը հավելում է, որ ռեժիսորի և նրա կնոջ մահվան պատճառները հստակ պարզելու համար նշանակվել են լրացուցիչ փորձաքննություններ:
Բոլոր վկաներն արդեն հարցաքննվել են։
Իրանի իրավապահ ուժերի ներկայացուցիչ Մունթազեր Ալմահդին ավելի ուշ հայտարարել է, որ հանցագործը կգտնվի, և նա կկանգնի դատարանի առաջ:
Դարիուշ Մեհրջուին իրանցի կինոռեժիսոր է, սցենարիստ, կինոպրոդյուսեր, մոնտաժող, Իրանի Արվեստների ակադեմիայի ակադեմիկոս: Սովորել է Կալիֆոռնիայի համալսարանի թատերական ֆակուլտետում, նրա ուսուցիչը ֆրանսիացի հայտնի կինոռեժիսոր Ժան Ռենուարն է եղել: Ստացել է նաև փիլիսոփայության դիպլոմ: Լոս Անջելեսում հրատարակել է «Pars Review» գրական ամսագիրը, որում նա ամերիկացիներին ծանոթացնում էր պարսկական գրականությանը։ Վերադառնալով Թեհրան՝ աշխատել է որպես լրագրող, եղել է օտար լեզուների և կինոարվեստի դասախոս Թեհրանի համալսարանում։
1971 թվականին «Պարոն միամտությունը» ֆիլմի համար Մեհրջուին առաջադրվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի «Ոսկե մրցանակի»։ Նա նաև միջազգային Ավետարանական ժյուրիի մրցանակի դափնեկիր է «Փոստատար» ֆիլմի համար, նաև Բեռլինի կինոփառատոնի Միջազգային Կաթոլիկ կազմակերպության կինոմրցանակ ունի «Կովը» ֆիլմի համար։ Դարձել է Սան Սեբաստիանի «Ոսկե խեցի» մրցանակի դափնեկիր և Բեռլինի կինոփառատոնի Դոն Կիխոտի մրցանակի դափնեկիր «Սառա» և «Տիկինը» ֆիլմերի համար։