Երևանում ավտոմեքենան բախվել է ծառին. 31–ամյա ուղևորը տեղում մահացել է

Երևանում վթարված մեքենան
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և նախկինում մեկ անգամ զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Երևանում երեկ երեկոյան գրանցված ավտովթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, հայտնում է ՆԳՆ–ն։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է հոկտեմբերի 14-ին, ժամը 20։43-ին։ Հայտնել են, որ Լենինգրադյան փողոցում՝ «Եվրոպա-Վերսալ» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ առկա է վառելիքի արտահոսք։
Շտապօգնության աշխատակիցները տեղում արձանագրել են ուղևոր Յ․ Խ․-ի (ծնված 1992թ.) մահը, իսկ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Shamshyan.com–ն էլ հայտնում է, որ վարորդը հիվանդանոցում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և նախկինում մեկ անգամ զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր ճանաչում էին վարորդին, ասել են, որ մահացածը նրա նշանածն է եղել։