ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում «Ռուսական տունը» և ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները հումանիտար բեռի հազար փաթեթ են պատրաստել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում «Ռուսական տունը»։
«Մարդասիրական օգնությունը ներառում է 500 մթերային փաթեթ, որոնց մեջ ներառված են շաքար, մակարոնեղեն, հացահատիկային ապրանքներ, կարագ, թխվածքաբլիթներ, և 500 փաթեթ, որոնց մեջ կան անձնական հիգիենայի միջոցներ և կենցաղային քիմիական նյութեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Մեկ անձի համար նախատեսված փաթեթը կշռում է մոտ 12 կգ:
Հայաստանում «Ռուսական տունը» և ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները հումանիտար բեռի փաթեթներ են պատրաստում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար
© Photo : Русский дом в Ереване
Հոկտեմբերի 16–ին ռուսական մարդասիրական առաքելության փաթեթների առաջին խմբաքանակը կտեղափոխվի Հայաստանի տարբեր քաղաքներում տեղակայված հումանիտար օգնության կենտրոններ:
Ռուսաստանից առաքվող մարդասիրական բեռը կտեղափոխվի Մեծամոր, Ջերմուկ, Ծաղկաձոր, Գավառ, Սևան և Մասիս:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։