ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԼՂ-ից տեղահանված հայերի իրավունքների հասցեագրման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված հարցեր է քննարկել ՀՀ–ում Սուրբ աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինո Բետենկուրի հետ, որն ավարտում է երկրում դիվանագիտական առաքելությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը մատնանշել է ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց խնդրի հետ կապված միջազգային դերակատարների գործուն ներգրավվածության և գործողությունների կարևորությունը:
«Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ չնայած միջազգային հանրության, այդ թվում՝ Սուրբ աթոռի կոչերին և հայտարարություններին՝ փաստացի հնարավոր չեղավ կանխել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հայրենազրկման ծրագրավորված քաղաքականությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ 100 հազարից ավել հայության բռնի տեղահանմանը նախորդել էին սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ռազմական հարձակումը և շուրջ 10-ամսյա շրջափակումը:
Սուրբ աթոռի առաքելական նվիրակն իր հերթին ընդգծել է, որ իր համար առանձնահատուկ էր առաքելությունը քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած երկրում անցկացնել։
Նա շնորհակալություն է հայտնել կապերի ամրապնդմանն ուղղված արդյունավետ համագործակցության և ջանքերի համար՝ նախարար Միրզոյանին փոխանցելով Սուրբ Գրիգոր Մեծի պապական շքանշանը:
Արարատ Միրզոյանն ու ՀՀ–ում Սուրբ աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինո Բետենկուրը
© Photo : official site of MFA of RA