ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման թիրախների ուղղությամբ լայնածավալ հարվածների մասին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ըստ Jerusalem Post-ի, այցելել է Գազայի հատվածի մերձակայքում գտնվող զինվորականներին և հարցրել, թե արդյոք նրանք պատրաստ են սպասվող «հաջորդ փուլին»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելական ռմբակոծությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է առնվազն 10 բժիշկ, ևս 27-ը վիրավորվել են, ոչնչացվել է շտապօգնության 23 մեքենա։ Ընդհանուր առմամբ, հակամարտության սրման սկզբից ի վեր զոհվել է առողջապահության ոլորտի 28 աշխատակից:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: