ՌԴ–ն չի դադարեցնում կապերը ՀՀ–ի հետ. Պեսկովը` գագաթնաժողովին Փաշինյանի բացակայության մասին

Դմիտրի Պեսկով. Արխիվային լուսանկար
Պեսկովի խոսքով` Հայաստանը եղել է և կլինի ՌԴ–ի դաշնակիցը, որի հետ ՌԴ–ին միավորում է ընդհանուր պատմությունը և ընդհանուր ապագան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը չի դադարեցնում կապերը Երևանի հետ, Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը։
«Նա դրա համար (Նիկոլ Փաշինյանը-խմբ.) ունի իր պատճառները, և մենք հարգում ենք դա, սա չի նշանակում, որ մենք դադարեցնում ենք մեր շփումները, մենք շարունակում ենք մեր երկխոսությունը, Հայաստանը եղել է և կլինի մեր դաշնակիցը, մեր հարևանը, երկիրը, որի հետ մեզ միավորում է ընդհանուր պատմությունը և ընդհանուր ապագան: Թեկուզ նրա համար, որ մեզ մոտ ավելի շատ հայեր են ապրում, քան հենց Հայաստանում: Եվ դա կարևոր է, որ բոլորը հիշեն»,- ասել է Պեսկովը:
Հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայացել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Դրան մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի նախագահները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ մի շարք հանգամանքների բերումով չի կարող մասնակցել Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին։