Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Պատժվում է, որ ծնվել է Լեռնային Ղարաբաղում. Մարուքյանը` Վագիֆ Խաչատրյանին դատելու մասին

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը շեշտել է` Ադրբեջանում անցկացվող բոլոր դատավարությունները ֆարս են, եվրոպական կոնվենցիայի ծաղր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Լաչինի միջանցքում առևանգված ԼՂ բնակիչ Վագիֆ Խաչատրյանը պատժվում է այն բանի համար, որ ծնվել է Լեռնային Ղարաբաղում և ապրել իր նախնիների հողում։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Նշենք, որ Բաքվում այսօր սկսվել է Լեռնային Ղարաբաղից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը։

«Նա, իհարկե, ոչ մի կապ չունի հանցագործության հետ, նա պարզապես պատժված է այն բանի համար, որ ծնվել է Լեռնային Ղարաբաղում և ապրել իր նախնիների հողում։ Ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ Ադրբեջանում, որտեղ կառավարությունը չի փոխվել ավելի քան 20 տարի, որի ընթացքում ԼՂ–ում ընտրվել է 5 նախագահ, չի կարող լինել արդար դատավարություն, անկողմնակալ դատարան և/կամ արդար մեղադրանք»,– նշել է Մարուքյանը։

Նա ընդգծել է` Ադրբեջանի կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների համատեքստում, գոյություն ունեցող բոլոր դատավարությունները ֆարս են, եվրոպական կոնվենցիայի ծաղր և միջազգային բոլոր համընդհանուր ճանաչված նորմերի խախտում:
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը հայտնել է նաև, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի մարդկանց հիմնարար ազատություններն ու մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը և անհապաղ ազատ արձակի Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից առևանգված բոլոր բանտարկյալներին:
Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Բաքվում ավարտվել է Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ հարուցված գործի քննությունը