Նորմերի լիակատար անտեսում. ՀՀ ԱԳՆ խոսնակը` Բաքվում Վագիֆ Խաչատրյանի դատավարության մասին

Անի Բադալյանը նշել է, որ Վագիֆ Խաչատրյանի անօրինական առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտում է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Շինծու «դատավարություն», ցանկացած նորմի լիակատար անտեսման դրսևորում Հայաստանի քաղաքացի, Լեռնային Ղարաբաղի 68–ամյա բնակչի նկատմամբ: Այս մասին X–ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը, որը մեկնարկել է այսօր Բաքվում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լաչինի միջանցքում առևանգված ԼՂ բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով դատական գործընթաց է սկսվել Բաքվում։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Խաչատրյանին մեղադրել էր հանցավոր խումբ ստեղծելու մեջ։ Պնդում են, որ գործով տուժած է ճանաչվել 59 մարդ։
«Նա ԿԽՄԿ պաշտպանության ներքո տեղափոխվում էր սրտի վիրահատության համար և առևանգվել է ապօրինի անցակետում ԼՂ–ում էթնիկ զտումներից շաբաթներ առաջ»,– հավելել է խոսնակը։
Անի Բադալյանը նաև նշել է, որ Վագիֆ Խաչատրյանի անօրինական առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտում է:
Ըստ ԱԳՆ խոսնակի` բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և ինստիտուտների պահանջով Բաքվում դեռևս պատանդ պահվող ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք պետք է ազատ արձակվեն:
Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Բաքվում ավարտվել է Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ հարուցված գործի քննությունը