Իսրայելն ու «Հզբոլլահը» հարվածներ են հասցնում միմյանց. մահացել է «Reuters»-ի լրագրողը

Բախումները տեղի են ունենում լիբանանա–իսրայելական սահմանին։ Իսրայելն ԱԹՍ–ներ է կիրառում։
Sputnik
Իսրայելն ու լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը հարվածներ են հասցնում միմյանց։
«Հզբոլլահը» հաղորդագրություն է տարածել, որ հարվածներ է հասցրել իսրայելական 4 օբյեկտի՝ ի պատասխան լիբանանյան քաղաքների հարձակումների:
Դրանից հետո Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցնում Լիբանանում «Հզբոլլահի» դիրքերին:
ԶԼՄ-ները հայտնում են, որ Լիբանանում կրակահերթի տակ են հայտնվել «Reuters»-ի և «Al Jazeera»-ի լրագրողները: Մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։ Նշվում է, որ արկը հարվածել է մեքենային։
«Reuters» գործակալությունը հաստատել է, որ իր օպերատոր Իսսամ Աբդալլան զոհվել է Լիբանանի հարավում աշխատելիս:
«Al-Jazeera» հեռուստաալիքը հայտնել է, որ Լիբանանի հարավում իսրայելական գնդակոծության հետևանքով ևս երեք լրագրող է տուժել, որոնցից երկուսն իրենց աշխատակիցներ են:
Իսրայելական և արաբական լրատվամիջոցները մեղադրում են միմյանց:
Բախումները տեղի են ունենում լիբանանա-իսրայելական սահմանին, Իսրայելն անօդաչու սարքեր է կիրառում:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով՝ Իսրայելում զոհերի թիվը հասել է 1300–ի (որոնցից 222–ը` զինվորական), Գազայի հատվածում ՝ 1537-ի: Տվյալները պարբերաբար փոխվում են:
Նեթանյահուն օդուժի հարվածի կադրեր է հրապարակել և կոչ է արել շարունակել ամբողջ ուժով