Իրանի ԱԳ նախարարը Լիբանանի «Հեզբոլլահ»-ի ղեկավարի հետ քննարկել է Պաղեստինի իրավիճակը

«Հեզբոլլահ» շարժման ղեկավար Հասան Նասրալան ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը
Իրանի իշխանություններն ավելի վաղ աջակցություն էին հայտնել պաղեստինցիներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Բեյրութ կատարած այցի ընթացքում բանակցություններ է վարել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ղեկավար Հասան Նասրալայի հետ, կողմերը քննարկել են իրավիճակը Պաղեստինում։ Գրում է IRNA գործակալությունը:
Նշվում է, որ կողմերը քննարկել են Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի ռազմական գործողությունը, ինչպես նաև Պաղեստինում տիրող իրավիճակը: Հանդիպման այլ մանրամասներ գործակալությունը չի հաղորդում:
Ավելի վաղ Իրանի իշխանություններն անսասան աջակցություն էին հայտնել պաղեստինցիներին:
Մերձավոր Արևելքում սրացումը ԱՄՆ ձախողված քաղաքականության արդյունք է. Պուտին
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով՝ իսրայելական կողմից զոհվածների թիվը հասել է 1300-ի, այդ թվում՝ 222 զինվորական։
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով էլ՝ Գազայի հատվածում առնվազն 1537 պաղեստինցի է զոհվել, վիրավորվել է 6612-ը։