Ինչպես է օտարման ոչ ենթակա հողատարածքը վաճառվել ԱԺ նախկին պատգամավորի դստերը. մանրամասներ

ՀՀ դատախազություն
Ըստ դատախազության` պետական սեփականություն հանդիսացող, ավելի քան 97 մլն դրամ շուկայական արժեքով հողատարածքը կեղծ փաստաթղթի հիման վրա Ռուբեն Գևորգյանի դստերն է օտարվել ընդամենը 2 մլն 223 հազար 697 դրամով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Դավթաշեն 4–րդ թաղամասում` «Ռիբոկ» սպորտային համալիրին հարող տարածքի շուրջ 6 հազար քառակուսի մետր մակերեսով հողամասի օտարման գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նշված հողատարածքը օրենքի խախտմամբ օտարվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դստերը՝ Արմենուհի Գևորգյանին։
«2000-2006 թվականներին Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Բ.Ք.-ն պաշտոնական փաստաթղթում ներառել է կեղծ տեղեկություններ այն մասին, որ Արմենուհի Գևորգյանի անվամբ դեռևս 1999 թ. վարձակալության իրավունքով գրանցված նշված հողամասը հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս է և ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում նշված սահմանափակումների ցանկում Մինչդեռ այդ տարածքը նախագծերում առանձնացված է եղել որպես այգի և մասնավորեցման ենթակա չի եղել»,– ասված է հաղորդագրությունում
Ըստ դատախազության` Բ.Ք.-ի կողմից տրված կեղծ փաստաթղթի հիման վրա պետական սեփականություն հանդիսացող, օտարման օրվա դրությամբ 96 մլն 780 հազար դրամ շուկայական արժեքով այդ հողատարածքն Արմենուհի Գևորգյանին օտարվել է 2 մլն 223 հազար 697 դրամ կադաստրային արժեքով։
Քաղաքացին դատավորի և նրա օգնականի միջոցով 1,8 մլրդ դրամ է «լվացել»
Դատախազը 2023 թ. հոկտեմբերի 12–ին Բ.Ք.–ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ քրեական հին օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը) և 187-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք կատարելը):
Հիշեցնենք` վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2023 թ. սեպտեմբերի 4–ին ամբողջությամբ բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքն ընդդեմ Արմենուհի Գևորգյանի, որով արգելադրվել էր 6 452 քառակուսի մետր վիճելի տարածքը։
Գլխավոր դատախազությունը երեք հայցով վիճարկում է վերոնշյալ հասցեից՝ «Ռիբոկ» սպորտային համալիրի զբաղեցրած տարածքից, հողամասը ֆիզիկական անձին օտարելու գործընթացը:
Փարաքարի նախկին համայնքապետը 5 տարում ավելի քան 10 մլն դրամի վնաս է հասցրել պետությանը