ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ բանակում վերջին 3 տարիներին աճել է ինքնավնասումների ու մահացության դեպքերի թիվը, ինչը խիստ մտահոգիչ է: Ինչպես հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, այս հայտարարություն արել է ՄԻՊ աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը։
Նշվում է, որ նա ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստում ներկայացրել է խաղաղ պայմաններում մահվան դեպքերը և բանակում կարգապահության ամրապնդման հետ կապված խնդիրները։
«ՀՀ զինված ուժերի մարտունակությունն ուղիղ կապված է զինվորական կարգապահության հետ։ Պաշտպանի աշխատակազմում այս պահին ակտիվ վարույթներում են գտնվում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով մի շարք դիմում–բողոքներ և քննարկման ընթացակարգեր»,– ասել է Եղոյանը։
Նրա խոսքով` այս բոլոր խնդիրները դասակարգվում են ինչպես թեժ գծի ահազանգերի, գրավոր և բանավոր բողոքների, ԶԼՄ հրապարակումների, այնպես էլ զորամասեր մշտադիտարկման այցերի և զինվորականների հետ առանձնազրույցների հիման վրա:
Խորհրդի նիստում քննարկվել են նաև վարժական հավաքների գործընթացում անձանց իրավունքների պաշտպանության վիճակը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, տարբեր մշտադիտարկման այցերի ընթացքում վերհանված խնդիրները։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների և ընդհանրապես զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերն իր առաջնահերթություններից են։
Կլոր–սեղան քննարկմանը մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի, Եվրոպայի խորհրդի, Ազգային ժողովի, պաշտպանության նախարարության, գլխավոր դատախազության, քննչական կոմիտեի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, անվտանգության խորհրդի գրասենյակի, Փաստաբանների պալատի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: