ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. 100–հազարական միանվագ գումարները փոխանցվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ևս 29 078 անձի, որից 14 593–ը անչափահասներ են։ ՀՀ կառավարության ճեպազրույցի ժամանակ այս տվյալները ներկայացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նրա խոսքով` ավելի քան 80 հազար անձի արդեն իսկ փոխանցվել է միանվագ գումարը, մյուսների դիմումները մշակման փուլում են։
Բաղդասարյանը հայտնեց նաև, որ այս պահին 208 բուժառու կա ՀՀ բժշկական տարբեր հաստատություններում, իսկ 20–ը շարունակում են բուժումը արտերկրում։ Բացի այդ, 56 բուժառուի վիճակը շարունակում է մնալ ծանր, 10–ինը` ծայրահեղ ծանր։
Առողջության պահպանման առաջնային օղակներում, նրա խոսքով, արդեն գրանցվել է ԼՂ–ից բռնի տեղահանված 26 512 մարդ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։