ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի Եվրոպայի հարցերով տարածաշրջանային տնօրենի տեղակալ Մարիա Ալկասար Կաստիլյայի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի փախստականների առջև ծառացած հումանիտար մարտահրավերները։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ լրատվական ծառայությունից։
«Ընդգծվել է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում փախստականների կարիքների վերհանման և թիրախային հասցեագրման անհրաժեշտությունը: Այս առումով նշվել է Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի, ինչպես նաև ազգային ընկերությունների փորձառության և փոխաջակցության կարևորությունը»,–նշվում է հաղորդագրությունում։
Գևորգյանը շնորհակալություն է հայտնել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը և Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիային ցուցաբերված աջակցության համար:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը և ԿԽԿՄՄՖ հայաստանյան գրասենյակի ղեկավար Հիշամ Դիաբը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։