ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. 2020 թ–ից ի վեր Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում ԼՂ–ն հայերից զտելու համար, և դա արդեն իրականություն է։ Այս մասին այսօր Արդարադատության միջազգային դատարանում հայտարարեց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ժամանակ։
«Ի հեճուկս միջազգային լայնածավալ արձագանքի՝ Ադրբեջանը նախաձեռնեց սեպտեմբերի 19–ի մասշտաբային հարձակումը։ Լաչինի միջանցքը այդ ժամանակ բացվեց 9 ամսվա ընթացքում առաջին անգամ, բայց դա նպատակ ուներ, որպեսզի 100.000-ից ավելի փախչող մարդկանց դուրս թողնի»,– հայտարարեց նա։
Եղիշե Կիրակոսյանը ենթադրություն հայտնեց, որ ադրբեջանական կողմն այսօր էլ կասի, թե Ադրբեջանը հավատարիմ է հայազգի անձանց հետ հաշտեցման խաղաղ ճանապարհին, ու հիշեցրեց, որ դա նրանք առաջին անգամ չեն ասում՝ երբեք իրականություն չդարձնելով։
«Եթե այդ բառերը ձեզ ծանոթ թվան, ապա պատճառն այն է, որ դա ճիշտ նույն բառներն են, որը նրանք ասում էին 9 ամիս առաջ, բայց նրանք շարունակեցին դիտավորյալ խաթարել հանրային կարևոր ծառայությունները և սովամահության ենթարկել ԼՂ բնակչությանը, որից հետո դաժանաբար հարձակվեցին և ստիպեցին մարդկանց փախչել իրենց նախնինների հայրենիքից»,– ասաց Կիրակոսյանը։
Նա հիշեցրեց նաև, որ 2021 թ–ին Ադրբեջանը հայտարարեց, թե թույլ է տալու վերադառնալ ԼՂ հայությանը իրենց տներ ու հավելեց, որ մինչ այսօր ոչ մի հայ չի վերադարձել այդ տարածքներ (որոնք 44-օրյա պատերազմից հետո ժամանակավորապես անցել են ադրբեջանցիների վերահսկողության տակ-խմբ.)։
Նշենք, որ 2023 թ. սեպտեմբերի 29–ին Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարան է դիմել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առնչությամբ` խնդրելով միջանկյալ միջոցներ կիրառել և վերահաստատել Ադրբեջանի պարտավորությունները։