ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից տպավորություն ստեղծվեց, թե նա մեղմացրել է ռազմավարական դաշնակցի (ՌԴ-ի) նկատմամբ հռետորաբանությունը, բայց դա չի նշանակում, որ նա փոխել է մի շարք առանցքային թեմաների շուրջ իր դիրքորոշումը: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ մեկնաբանելով հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում Փաշինյանի արած մի շարք հայտարարությունները։
Վերջին հարցազրույցում վարչապետը ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքական վեկտորը և Ռուսաստանի հետ հարաբերությունները չի վերանայում: Դրա մասին է վկայում այն, որ Երևանը չի հրաժարվում իր պարտավորությունների կատարումից, ինչպես նաև համագործակցության տարբեր ձևաչափերից։ Փաշինյանը նաև ընդգծեց, որ խնդիրը ոչ թե Երևանի և Մոսկվայի միջև շփումներն են, այլ գլոբալ ուժերի հարաբերությունները:
Միքայելյանն այս առնչությամբ հիշեցրեց, որ անկախության ամբողջ ընթացքում երկիրը արտաքին քաղաքականության մեջ կոմպլեմենտարիզմ է որդեգրել՝ համատեղելով Արևմուտքի և ՌԴ-ի հետ հարաբերությունները: Սխալ կլիներ Հայաստանի արտաքին քաղաքականությունը «ռուսամետ» կամ «արևմտամետ» անվանել։ Նրա խոսքով՝ Արևմուտքը չի կարողանա լիարժեք փոխարինել Ռուսաստանին տարածաշրջանում, և միակ «հարմար» թեկնածուն Թուրքիան է:
Այս առումով նա անիրատեսական է անվանում վեկտորի փոփոխության հնարավորությունը, քանի որ Հայաստանը չի կարող ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի մաս դառնալ:
«Այդ հայտարարությունն արվեց ավելի շատ արտաքին լսարանի, ռուսական կողմի համար։ Գուցե վարչապետը հասկացել է, որ Ռուսաստանը զգայուն է հայտարարությունների տոնի, ձևաչափի և ուղղվածության նկատմամբ, և այդ պատճառով որոշել է մեղմել հռետորաբանությունը։ Մյուս կողմից չի բացառվում, որ նա վախենում է դաշնակցի ճնշումներից»,- կարծում է Միքայելյանը։
Այնուամենայնիվ, հարաբերությունների էությունը չի փոխվել. այդ մասին է վկայում Հայաստանի՝ ինտեգրացիոն միավորումների որոշ միջոցառումների մասնակցությունից հրաժարվելը, ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցչին հետ կանչելը և մի շարք այլ հանգամանքներ: Ուստի պետք է դատել ոչ թե հռետորաբանությամբ, այլ ինստիտուցիոնալ փոփոխությունների առկայությամբ կամ բացակայությամբ։
Ինչ վերաբերում է հարաբերությունների տնտեսական կողմին, ապա, փորձագետի կարծիքով, չնայած առկա դժվարություններին` իրավիճակն այնքան չի խորացել, որ դրա վրա բացասաբար ազդի։ Դրա վկայությունն է այն, որ Հայաստանից Ռուսաստան արտահանումը չի դադարեցվել։ Ու թեև որոշակի ապրանքային խմբերիհետ խնդիրներ կան, դրանք համակարգված և համալիր բնույթ չեն կրում։ Նման օրինակներից մեկը հայկական կոնյակով բեռնված սովորական բեռնատարն էր։
Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում հավաստիացրեց, որ խնդիրը քաղաքական ենթատեքստ չունի: Նա ընդգծեց, որ ընթացակարգային խնդիրներ վաղուց էին առաջացել, սակայն դրանք, նրա խոսքով, արդեն լուծված են: Միքայելյանը չի բացառում, որ այս ամբողջ պատմության մեջ որոշակի քաղաքական ենթատեքստ կա՝ հաշվի առնելով Մոլդովայից և Վրաստանից գինիների արտահանման արգելքի հետ կապված փորձը։