Դեսպանությունը ցուցակագրում է Իսրայելից Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող անձանց

Իսրայելը գնդակոծություններից հետո
Նրանք, ովքեր ցանկանում են Իսրայելից վերադառնալ Հայաստան, պետք է անձնագրի պատճենն ուղարկեն դեսպանության էլեկտրոնային հասցեին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելում ՀՀ դեսպանությունը ցուցակագրում է ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են Իսրայելից վերադառնալ Հայաստան։
«Խնդրում ենք Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին դեսպանության armisraelembassy@mfa.am հասցեին ուղարկել անձնագրի պատճենը, առկայության դեպքում` նաև Իսրայել մուտք գործելը հաստատող կտրոնը»,– ասված է դեսպանության տարածած հայտարարությունում:
Նշվում է, որ կցուցակագրվեն նաև հայկական ծագում ունեցող, սակայն ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք:
Չվերթի առկայության վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է իրականացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Հակամարտության սրման հետևանքով Իսրայելի բնակիչների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 1200-ը։ Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1100-ը։
Հակամարտության զոհերի թվում կան օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում՝ ռուսաստանցիներ։
Իսրայելը գնդակոծել է Գազայի հատվածում իրանական IRIB հեռուստառադիոընկերության գրասենյակը