Բելգորոդի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է մահացել, այդ թվում՝ մեկ երեխա

Բելգորոդ
Ուկրաինական ԱԹՍ-ի հարձակումից տուժած ևս երկու քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Բելգորոդի մերձակայքում անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով երեք մարդ է մահացել: Տեղեկությունը հայտնում է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ ՀՕՊ-ը Բելգորոդին մոտեցող ԱԹՍ է խոցել, բեկորների ընկնելու պատճառով բնակելի տուն է հրդեհվել: Ի սկզբանե հայտնի էր երկու զոհի մասին, բայց փլատակներում երեխա էր մնացել, հույս կար, որ նա կփրկվի։ Սակայն ավելի ուշ փրկարարները փլատակներից դուրս են բերել նրա մարմինը։
«Բոլորիս համար ծանր առավոտ է։ Գիշերը, նախնական տվյալներով, Բելգորոդի ծայրամասում անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով փաստացի ոչնչացվել է երկու բնակելի տուն, պայթյունից վնասվել են մի քանի բնակելի տներ և ավտոմեքենաներ, բայց ամենակարևորը՝ երեք մարդ է մահացել, նրանցից մեկը փոքր երեխա է»,- նշել է Գլադկովը։
Նրա խոսքով՝ ուկրաինական ԱԹՍ-ի հարձակումից տուժած ևս երկու քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Տղամարդը կոմայի մեջ է. նա շնչուղիների, վերին և ստորին վերջույթների այրվածքներ ունի։ Վիրավոր կնոջ ոտքն է կոտրվել, նա նաև ուղեղի ցնցում է ստացել։ Նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում, բժիշկներն ամեն ինչ անում են տուժածներին փրկելու համար։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ե՞րբ կավարտվի ռազմական հատուկ գործողությունը. Սերգեյ Շոյգուն ժամկետ է նշել