ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Դուշանբեում ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդին քննարկվել են ԱՊՀ երկրների արտաքին առևտրի և տարանցման ներուժի զարգացմանն առնչվող հարցեր։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) մամուլի ծառայությունը։
Նիստն անցկացվել է ԴՄԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի նախագահությամբ։
Նա նշել է, որ հաստատված փոխգործակցությունն իր պտուղներն է տալիս. մաքսային ծառայությունների համակարգված աշխատանքի շնորհիվ ԱՊՀ երկրների փոխադարձ առևտրաշրջանառությունն այս տարի ավելացելէ ավելի քան 10%–ով արժեքային արտահայտմամբ, բեռնաշրջանառությունը` 18%–ով։
«Առկա ձևաչափով կանոնավոր հանդիպելով` մենք հնարավորություն ենք ստանում քննարկելու ամենաարդիական հարցերը, մոտեցնել մեր դիրքորոշումները և ի վերջո որոշումներ կայացնել` ուղղված մեր երկրների տնտեսությունների պաշտպանությանն ու փոխադարձ առևտրի զարգացմանը։ Այս տարի ԱՊՀ բացառապես բոլոր անդամ երկրների փոխադարձ առևտուրն աճում է, և դա շատ լավ ցուցանիշ է», – ասել է նա։
Դավիդովի կարծիքով` այսօր ԱՊՀ մաքսային մարմինների առաջնահերթություններից է անցակետերով ապրանքների տեղաշարժի համար առավելագույնս բարենպաստ պայմանների ստեղծումը։
ՌԴ ԴՄԾ–ն հանդես է եկել մաքսային ծառայությունների մտադրությունների ամրապնդման մասին հուշագիր ստորագրելու նախաձեռնությամբ։ Այն կվերաբերի տարանցիկ փոխադրումների արագացման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելուն։ Փաստաթուղթը պետք է նպաստի առևտրի պարզեցմանն ու մաքսային ծառայությունների փոխադարձ իրազեկմանը։