ԱՊՀ երկրների ԱԳՆ–ների միջև խորհրդակցություններ կանցացվեն. ծրագիրը հաստատվել է

ԱՊՀ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների նիստ
Ծրագրում ներառված են ՄԱԿ-ում ԱՊՀ պետությունների դիրքորոշումների համակարգմանը, այլ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցությանը վերաբերող թեմաներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Բիշքեկում կայացած նիստում հաստատել են միջգերատեսչական խորհրդակցությունների ծրագիրը, ինչպես նաև զբոսաշրջության և սպորտի ոլորտում համագործակցությանը վերաբերող փաստաթղթերը։ Տեղեկությունը հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը:
«ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհուրդը հոկտեմբերի 12-ին Բիշքեկում կայացած նիստում հաստատել է 2024 թվականին ԱԳՆ-ների միջև բազմամակարդակ խորհրդակցությունների ծրագիրը»,- ասված է ԱՊՀ գործադիր կոմիտեի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ծրագրում ներառված են թեմաներ, որոնք վերաբերում են ՄԱԿ-ում Համագործակցության պետությունների դիրքորոշումների համակարգմանը, այլ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցությանը:
Նախատեսվում է խորհրդակցություններ անցկացնել, որոնք կվերաբերեն նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդմանը, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովմանը, սպառազինությունների վերահսկողությանն ու զինաթափման թեմատիկային, տեղեկատվական ոլորտում փոխգործակցությանը, ինչպես նաև արտաքին քաղաքական պլանավորմանը:
ԱԳՆ հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի, ԱԳՆ իրավական ծառայությունների ղեկավարների խորհրդակցությունների կոմիտեի և զինաթափման հարցերով համատեղ խորհրդատվական հանձնաժողովի նիստերի անցկացումը նախատեսվում է ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների ձևաչափով:
ԱԳՆ ղեկավարները ստորագրել են նաև զբոսաշրջության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող միջոցառումների ծրագրերը, որոնք նախատեսված են 2024-2026 թվականների համար:
Նշենք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին։ Բիշքեկ է մեկնել փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։